Սողանքի գոտուց ևս 3 մեքենա է դուրս բերվել

Սողանքի գոտուց ևս 3 մեքենա է դուրս բերվել

PanARMENIAN.Net - Ժամը 16.01-ին և 16.06-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց հաջողությամբ դուրս բերվեց ևս երկու մարդատար ավտոմեքենա` «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշների: Իսկ ժամը 16.48-ին ուղղաթիռը սողանքային գոտուց դուրս է բերել արդեն 4-րդ` «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի մարդատար ավտոմեքենան։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ շուտով նախատեսվում է որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցները: Անցած երկու գիշերվա ընթացքում երկաթուղու ուժերով արդեն իսկ ապահովվել է սողանքի գոտու լուսավորությունը, ինչը զգալիորեն օգնել է որոնողական աշխատանքներին:

Ներկայումս նորոգվում է սողանքային գոտու հարևանությամբ գտնվող կամուրջը: Դրա վրայով դեպքի վայրին կարող է մոտենալ նաև երկաթուղային կռունկը, որը նույնպես պիտի օգտագործվի հողազանգվածի տակ մնացած ավտոմեքենաները դուրս բերելու համար:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Անհայտ կորածների ցուցակում դեռևս փոփոխություններ չկան: Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են` Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---