4 հոկտեմբերի 2011 - 18:35 AMT
ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն սերտ համագործակցության հույսեր են տածում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Եվրոպայում անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար Լամբերտո Զանյերը Մոսկվայում սերտ համագործակցության հույս են հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը: «Մենք լավ կապեր ենք հաստատել ինչպես ընդհանուր առմամբ ԵԱՀԿ-ի, այնպես էլ նրա առանձին կառույցների հետ»,-ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Զանյերն իր հերթին հիշեցրել է, որ առաջին անգամը չէ, որ այցելում է ՀԱՊԿ կենտրոնակայան, նախկինում հյուրընկալվելով այդ կառույցին որպես Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն:

Նա նշել է իր նախորդի արգասաբեր գործունեությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և խոստացել է շարունակել համագործակցությունը: