Բաքվում ԱՄՆ դեսպանությունը փորձել է «արդարացնել» ամերիկյան սենատորի այցն Արցախ

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը փորձել է «արդարացնել» ամերիկյան սենատորի այցն Արցախ

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը տեղյակ է Կալիֆոռնիայի սենատոր Ջոզեֆ Սիմիտյանի` Արցախ կատարած այցի վերաբերյալ ԶԼՄ հաղորդագրությունների մասին: Ինչպես հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը, «Ջոզեֆ Սիմիտյանը, հանդիսանալով սենատոր, չի ներկայացնում ԱՄՆ կառավարությունը»:

Նա նշել է, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության մեջ դաշնային կառավարության և նահանգների կառավարությունների միջև իշխանության բաժանման սկզբունքի, պետական պաշտոնյաները գործում են անկախ ԱՄՆ կառավարությունից. «Միացյալ Նահանգների կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել նրանց ժամանակացույցը, և Սիմիտյանը չի համակարգել այդ այցի վերաբերյալ իր ծրագրերը»: Նրա խոսքով, Սիմիտյանի հնարավոր այցը Արցախ չի փոխում այդ հարցի առնչությամբ ԱՄՆ քաղաքականությունը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ը Կալիֆոռնիայի սենատորին «առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու» Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» այցելելու համար ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին և «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման, Ադրբեջանի և Արցախի միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Կալիֆոռնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---