Լևոն Զուրաբյան. Մինչև իշխանությունները չխնդրեն, երկխոսությունը չի վերսկսվի

Լևոն Զուրաբյան. Մինչև իշխանությունները չխնդրեն, երկխոսությունը չի վերսկսվի

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այլևս անիմաստ է համարում իշխանությունների հետ երկխոսությունը: Այդ մասին նա հայտնել է այսօր` ելույթ ունենալով Ազատության հրապարակում: «Սկսած այս պահից` մենք մեր առջև ծառացած խնդիրները լուծելու ենք զանգվածային ցույցերի և ուժերի մոբիլիզացման միջոցով: Ընդհատված երկխոսությունը կարող է վերսկսվել միայն իշխանությունների նախաձեռնությամբ: Եթե նրանք խնդրեն, մենք կքննարկենք և կորոշենք` արդյո՞ք պատրաստ ենք կատարել այդ խնդրանքը»,- հայտնել է նա:

Հոկտեմբերի 3-ին իշխող կոալիցիան հայտարարեց, որ քաղաքական երկխոսության շրջանակում չի վերսկսի բանակցություններն ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ, քանի դեռ Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի անօրինական ակցիան: Այդ մասին լրագրողներին է հաղորդել կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը աշխատանքային խմբի խորհրդակցությունից հետո, որը մեկուկես ժամ է տևել:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

Ներկայումս Տիգրան Առաքելյանը հսկողության տակ է, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, քանի որ Տիգրան Առաքելյանը ազատ չի արձակվել: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

Սեպտեմբերի 30-ից Ազատության հրապարակում վրաններ են ամրացված. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ և ցույցեր է անցկացնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---