5 հոկտեմբերի 2011 - 11:57 AMT
Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով մեկնել է Բրյուսել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա, ՊՆ ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Բրյուսելում այսօր բացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների երկօրյա խորհրդակցությունը: Օրակարգի գլխավոր հարցն է ՆԱՏՕ-ի գործողության հնարավոր կասեցումը Լիբիայում: Ըստ Անդերս Ֆոգ Ռասմուսենի, դաշնակիցները մոտ են գործողությունն ավարտելուն, սակայն առաջիկա հանդիպմանը այդ մասին որոշում դեռ չի կայացվի:

Խոսքը գնում է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմավարության մասին, որտեղ, ըստ Ռասմուսենի, շուտով կհայտարարվի անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական մարմիններին փոխանցելոեւ մասին, ինչպես նաև Կոսովոյի, որտեղ վերջերս սրվել է իրավիճակը: Նախարարները կքննարկեն նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում բյուջետային սահմանափակումների պայմաններում: