5 հոկտեմբերի 2011 - 14:06 AMT
Քուվեյթը ցանկություն է հայտնել դեսպանատուն բացել Հայաստանում

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հույս ունի, որ Հայաստանում Քուվեյթի նոր դեսպանն իր պարտականություններին ձեռնամուխ կլինի մինչև տարեվերջ: Նրա խոսքով, Քուվեյթը ցանկություն է հայտնել Հայաստանում բացել դեսպանատուն, հավելելով, որ Քուվեյթում արդեն մեկ տարի գործում է Հայաստանի դեսպանատուն: «Քուվեյթը Պարսից ծոցի առաջին երկիրն է, որի հետ մենք նման մակարդակով հարաբերություններ ենք հաստատում»,- Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է Գևորգյանը:

Համագործակցության հեռանկարային ոլորտներից Քուվեյթի գլխավոր ֆինանսիստն առանձնացրել է առողջապահությունը և առևտուրը, հաղորդելով, որ Քուվեյթի Առևտրի պալատի ներկայացուցիչներն արդեն ծանոթացել են մի շարք հայկական ընկերությունների հետ:

Երևանում հոկտեմբերի 5-ին կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ: Նիստում քննարկվեցին տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Արձանագրվեց, որ վերջին շրջանում երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում, ինչին նպաստել են բարձր մակարդակով փոխայցելությունները, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանի դեսպանատան բացումը