5 հոկտեմբերի 2011 - 14:25 AMT
Հայաստանի փոխվարչապետը հուսով է, որ շուտով Քուվեյթի հետ ուղիղ հաղորդակցություն կհաստատվի

Երևանում հոկտեմբերի 5-ին կայացած հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր: Այդ մասին Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: «Հուսով եմ, որ առաջիկայում մենք կլսենք Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ չվերթ բացելու մասին»,- ասել է նա:

Իր հերթին Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալին ասել է, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա իրագործել այն բոլոր պլանները, որոնք նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստում: