5 հոկտեմբերի 2011 - 14:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Հայֆեստ 2011». Բուլղարական «Կրեդո» թատրոնը ներկայացրեց «Հայրիկը միշտ ճիշտ է» բեմադրությունը

Հոկտեմբերի 4-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրունում կայացավ բուլղարական «Կրեդո» թատրոնի մատուցմամբ «Հայրիկը միշտ ճիշտ է» (Ձյունե կատակերգություն) ներկայացումը: Ներկայացման հիմքում Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներն են: Այն պատմություն է՝ պարուրված ձյունով, որը պատմում է կյանքի փոքրիկ և կարևոր բաների մասին: Մի պատմություն տարեց մարդկանց, ովքեր համբուրվում են տոնի ժամանակ և այդ համբույրը վերածվում է նրանց համար ամենաթանկ բանի: Սա մի հուզիչ պատմություն է մեծ մարդկանց համար, որը հիշեցնում է մեզ, որ միայն սերն է գեղեցկացնում այն ամենը, ինչ շրջապատում է մեզ: Թատերախմբի հիմնադիր և տնօրեն Նինա Դիմիտրովան և դերասան Վասիլ Վասիլևը մամլո ասուլիսի ժամանակ ասացին, որ շատ գոհ են հայ հանդիսատեսից: «Մենք միշտ հանդիսատեսից ջերմություն ենք սպասում, հայ հանհիսատեսը «շոգեցրեց », ասաց Դիմիտրովան: Ներկայացումը անցել է լեփ-լեցուն դահլիճով և բուռն ծափահարություններով: Ներկայացումը բեմադրվել է 2005թ-ին Դանիայում գրող Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:

Ներկայացումը խաղարկվում է ռուսերեն, բուլարերեն և անգլերեն լեզուներով: Հայ հանդիսատեսին «Կրեդո»-ն ներկայացել է ռուսերեն: Մյուս տարի թատրոնը նշելու է իր 20-ամյակը և այդ առիթով նրանք բեմադրելու են «Խենթ Գոգոլի նամակները» ներկայացումը:

«Կրեդո» թատրոնը հիմնադրվել է 1992 թ.-ին Սոֆիայում` Կինոյի և թատրոնի ազգային ակադեմիայի շրջանավարտներ` դերասաններ Նինա Դիմիտրովայի և Վասիլ Վասիլևի կողմից: Իր առաջին թատերաշրջանը «Կրեդո» թատրոնը բացել է Ն. Գոգլի «Շինել» ներկայացումով, որը թատրոնին միջազգային ճանաչում է բերել և այն ցուցադրվել է Երևանում «Հայֆեստ2009»-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ