Ռուսաստանը կօժանդակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու` Ադրբեջանի մտադրությունը

Ռուսաստանը կօժանդակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու` Ադրբեջանի մտադրությունը

PanARMENIAN.Net - Մոսկվան կօժանդակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու` Ադրբեջանի մտադրությունը: «Մենք գնահատում և հասկանում ենք այդ հարցի կարևորությունը և ձգտելու ենք, որպեսզի այն բարեհաջող լուծվի և բավարարի ադրբեջանական կողմին»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանը չի դադարում ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամություն գնելու փորձերը: Այդպես, վերջին մի քանի ամսվա ընթացքում ԱԳՆ հրավերով Ադրբեջան է այցելել ՄԱԿ-ում մի շարք երկրների մշտական ներկայացուցիչների խումբ` հիմնականում Աֆրիկայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ասիայի և Կարիբյան ավազանի երկրներից: Պատվիրակության մեջ մտել են Բանգլադեշի, Բուրկինա-Ֆասոյի, Կոնգոյի, Գամբիայի, Լեսոտոյի, Մալդիվյան կղզիների, Մյանմայի, Նաուրուի, Սոմալիի, Տրինիդադ և Տոբագոյի, Դոմինիկյան Հանրապետության` ՄԱԿ-ին առընթեր ներկայացուցիչներ և Կամբոջայի, Բենինի, Հասարակածային Գվինեայի, Մավրիկիայի, Նամիբիայի, Սենտ Լուսիայի, Սենտ Վինսենտ և Գրենադինայի, Սեյշելյան կղզիների, Սյերրա-Լեոնեի, Շրի-Լանկայի, Յամայկայի և Զիմբաբվեի մշտական ներկայացուցիչներ:

Արաբական պետությունները որոշում են ընդունել 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին Ադրբեջանի թեկնածությունն օժանդակելու մասին: Դա Ադրբեջանի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի ցուցանիշ է: Ադրբեջանն այդ պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է արևելաեվրոպական խմբից: Բացի Ադրբեջանից, արևելաեվրոպական խմբից այս տեղին հավակնում են նաև Հունգարիան և Սլովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են մրցակցության լրջությունը` հաշվի առնելով, մասնավորապես, այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը` Ադրբեջանի համեմատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---