Քուվեյթը ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսության ոլորտում

Քուվեյթը ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։

Հանրապետության ղեկավարը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքը համարել է արդյունավետ ձևաչափ` երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար:

Քուվեյթի ֆինանսների նախարարը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է բարեկամ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցով, և այցի ընթացքում ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այդ հնարավորությունները հանգամանորեն քննարկվել են:

«Մենք այս օրերին տեսանք, թե որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում: Դա ևս մեզ ոգևորում է: Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը ճիշտ ուղղու վրա է և հաստատակամ ենք մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդել նաև տնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,-ասել է նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ: Երկուստեք կարևորվել է քննարկումների արդյունքում ստորագրված` Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանում դեսպանություն հիմնելու՝ Քուվեյթի կառավարության որոշումը, նշելով, որ շուրջ մեկ տարուց ավելի Քուվեյթում բացված ՀՀ դեսպանության հետ միասին Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունը զգալիորեն կնպաստի հայ-քուվեյթական կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի պետությունների հետ արդյունավետորեն զարգացնում է միջպետական հարաբերությունները, որի հիմքում հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---