6 հոկտեմբերի 2011 - 13:10 AMT
Հայ ֆուտբոլիստները Մակեդոնիայի հետ խաղում կցուցադրեն ագրեսիվ ֆուտբոլ և ճնշում կգործադրեն

Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը: «Մեր հավաքականի ֆուտբոլիստները պատրաստ են Մակեդոնիայի հետ խաղին թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն: Ցավոք սրտի, մենք ունենք կենտրոնական պաշտպանի խնդիր: Մկոյանը դեղին քարտ ունի, իսկ Արզումանյանը մարզումների ժամանակ վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, չի կարող դաշտ դուրս գալ: Այս խաղում նրանց փոխարեն հավանաբար կխաղան Ալեքսանյանը, Հարոյանը կամ Յուսպաշյանը»,- ասել է Մինասյանը: Հայաստանի հավաքականի մարզիչն ասել է, որ Արաս Օզբիլիսը, որը վնասվածք ուներ, արդեն ետ է մեկնել Նիդերլանդներ:

«Ես դիտել եմ ընտրական փուլում Մակեդոնիայի բոլոր 8 խաղերը, և դրանցից ոչ մեկում այն իր խաղով չի զիջել: Վաղը նրանք ազատ կխաղան, քանի որ վախենալու բան չունեն: Մակեդոնիան ցուցադրում է կազմակերպված խաղ»,- ասել է նա: Պատասխանատվության աստիճանով Մինասյանն այս խաղը համեմատել է Անդորրայի հետ հանդիպման հետ, բայց նրա խոսքով, մակեդոնացիներն ավելի բարձր կարգ ունեն. «Այս խաղում մենք կցուցադրենք ավելի ագրեսիվ խաղ և ամենասկզբից ճնշում կգործադրենք: Սլովակիայի հետ խաղի ժամանակ յուրաքանչյուր գոլից հետո մեր դարպասների մոտ առաջանում էր վտանգավոր պահ: Դա հոգեբանական խնդիր է, և ես տղաների հետ խոսել եմ այդ մասին»:

Հայաստանի հավաքականի 7 խաղացողներ ունեն դեղին քարտ, և մարզիչը նշել է, որ նրանք պետք է ուշադիր խաղան և սխալներ թույլ չտան:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղը Մակեդոնիայի հետ կկայանա հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: