6 հոկտեմբերի 2011 - 13:32 AMT
ՄՄԱԲ խմբի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի ներկայացուցիչն առաջարկում է դեպոզիտարիաներին «ձեռք մեկնել միմյանց»

Կենտրոնական դեպոզիտարիաներն իրենց գործունեությունը շարունակելու համար չպետք է վախենան մրցակցությունից, հայտարարել է Մոսկվայի միջբանկային արժույթային բորսայի (ՄՄԱԲ) Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի ռազմավարական պլանավորման հարցերով տնօրեն, ավագ փոխնախագահ Բորիս Չերկասկին` հոկտեմբերի 6-ին ելույթ ունենալով Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) համատեղ առաջին միջազգային համաժողովում: «Այդ պատճառով անհրաժեշտ է լինել արդյունավետ, կողմնորոշված դեպի հաճախորդը, զարգացնել ծառայությունները, նվազեցնել ծախսերը»,- ասել է նա:

Ինչպես նշել է Բորիս Չերկասկին, յուրաքանչյուր դեպոզիտարիա երկրում մենատեր է և այդքան դյուրաշարժ չէ, քանի որ դանդաղ է արձագանքում իր շուրջը տեղի ունեցածին: Սակայն երբ հայտնվեցին Euroclear-ը և Clearstream-ը` հաշվարկային հսկաները, իրավիճակը մի քիչ փոխվեց:

Չերկասկին դեպոզիտարիաների համար հեռանկարային քաղաքականություն է համարել համատեղ հաշվարկային համակարգեր կազմակերպելը, միմյանց օգնելը, «ձեռք մեկնելը»:

Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Ասիայի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների, ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ: Մասնակիցների շարքում այնպիսի ընկերությունների թոփ-մենեջմենթն է, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, ММВБ, Վնեշէկոնոբանկ, Euroclear, Clearstream և այլն:

Երկրորդ օրը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) անդամների տարեկան ժողովը: