6 հոկտեմբերի 2011 - 14:50 AMT
Ղազախստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախագահը խորհուրդ տվեց իր հայ գործընկերներին ձեռքը պահել հաճախորդների պահանջմունքների «զարկերակին»

Այսօրվա դրությամբ Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև գոյություն ունեն միակողմանի հարաբերություններ. ՀԿԴ-ն թղթակցային հաշիվ է բացել Ղազախստանի արժեթղթերի դեպոզիտարիայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղազախստանի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի նախագահ Բախիջան Կապիշևը: «Ցավոք սրտի, մեր հաճախորդները դեռևս նման պահանջարկ չունեն, ինչպես ՀԿԴ-ում հաշվի բացում, հայկական արժեթղթերի ձեռքբերում: Նման իրավիճակ է նաև հակառակ ուղղությամբ»,- պարզաբանել է նա:Կապիշևի խոսքով, Հայաստանում արդեն բավականաչափ աշխատանք է տարվել արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ: «Եվ հայկական բորսան և հայկական դեպոզիտարիան պետք է ձեռքը պահեն իրենց հաճախորդների «զարկերակին»: Այսինքն, գուշակեն նրանց պահանջմունքները, արագ իրագործեն դրանք»,- հավելել է նա:

Հոկտեմբերի 6-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) համատեղ առաջին միջազգային համաժողովը:

Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Ասիայի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների, ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ: Մասնակիցների շարքում այնպիսի ընկերությունների թոփ-մենեջմենթն է, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, ММВБ, Վնեշէկոնոբանկ, Euroclear, Clearstream և այլն:

Երկրորդ օրը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) անդամների տարեկան ժողովը: