Հայաստանում 2011-ի տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7367 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 1961-ը երիտասարդներ են, տեղեկացնում է «Զարգացման պետական ծառայություն» գործակալությունը։
Նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման և այլ ոլորտներում:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել շուրջ 1600 թափուր աշխատատեղ, որից շուրջ 450-ը Երևանում: Թափուր աշխատատեղերից 1010-ը բանվորական է, իսկ 590-ը ծառայողական:
Թափուր աշխատատեղերի մեջ մեծ է բժիշկների, հաշվապահների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարբեր մասնագետների, դասավանդողների, մենեջերների, գործակալների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, ատաղձագործների, ավտովերանորոգողների, վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, կարող-գործողների, վերելակավարների և այլոց պահանջարկը:
Աշխատաշուկայում առկա է նաև աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն: Այսպես` գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ինժեներները (4349), այդ թվում՝ ռադիոինժեներները, ինժեներ-ծրագրավորողները, ինժեներ-մեխանիկները, ինժեներ-տեխնոլոգները, ինժեներ-կոնստրուկտորները և այլն, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, որոնք երկարատև գործազրկության հետևանքով (գործազուրկների 21.6%-ը) կորցրել են իրենց որակավորումը և աշխատաշուկայում դարձել անմրցունակ:
Նրանց մրցունակության բարձրացման և գործատուների պահանջներին մոտեցնելու նպատակով զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացներ: