Հայաստանի կառավարությունը Արարատի մարզում կայացած արտագնա նիստում հավանություն է տվել «Լիտվայի Հանրապետությունում Հայաuտանի Հանրապետության դեuպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Լիտվան Հայաստանի հետ իր հարաբերություններում հիմնականում առաջնորդվում է Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնայնություններով:Այդ համատեքստում Լիտվան կարևորում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը (91թ. օգոստոսի 14-ին): այաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:
Դիվանագիտական հարաբերությունները հաստատումից ի վեր Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ կապերն աստիճանական զարգացում են ապրել, որոնք նշանավորվել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք փոխայցելություններով այդ թվում` նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով: Տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետի այցը Լիտվա :
Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված է 20 համաձայնագիր: Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը /2005թ. դեկտեմբերի 15-ին/: Լիտվան ձգտում է կենտրոնական դեր խաղալ Բալթյան տարածաշրջանում և աչքի է ընկնում տարածաշրջանային համագործակցության տարբեր նախաձեռնություններով: Հարավկովկասյան բոլոր երեք հանրապետություններում Լիտվան ունի դեսպանություններ: Հայաստանում Լիտվայի դեսպանությունը գործում է 2007 թվականից, որը ներկայումս միակն է Բալթյան երկրներից:
Միևնույն ժամանակ Հարավկովկասյան երկրներից առայժմ միայն Հայաստանն է, որ չունի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն Լիտվայում:
Լիտվայում Հայաստանի դեսպանության բացումը կխթանի հայ-լիտվական քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը: Այն կապահովի Հայաստանի շահերի անմիջական ներկայացվածությունը ոչ միայն Լիտվայում, այլև Մերձբալթյան տարածաշրջանում: Դեսպանության բացումը իր նպաստը կբերի նաև գործարար կապերի աշխուժացմանը, առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը:
Դեսպանության միջոցով ավելի կհստակեցվեն ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններն ու դրանց իրականացման ուղիները: