7 հոկտեմբերի 2011 - 13:36 AMT
Վազգեն Սաֆարյան. ՀՀ արդյունաբերության ցուցանիշը տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 25 տոկոսը

ՀՀ արդյունաբերության բաժնեմասը ՀՆԱ-ում 2010թ. կազմել է 23,5 տոկոս՝ ապահովելով բարձր ցուցանիշ մյուս ճյուղերի համեմատ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Այս տարի, ես կարծում եմ, որ այդ ցուցանիշը կկազմի 25 տոկոս»,-ասել է նա:

Սաֆարյանը հավելել է նաև, որ կան բոլոր նախադրյալները, որ արդյունաբերության բաժնեմասը ՀՆԱ-ում 2012թ. ավելանա, քանի որ վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է և հանրությանը կներկայացնի արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման հայեցակարգը: «Մենք պահանջում ենք կառավարությունից, որ նրանք ներկայացնեն ոչ միայն արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման հայեցակարգը, այլ ողջ ոլորտի զարգացման հայեցակարգը, որը կկանոնակարգի մեր տնտեսության հիմնական ճյուղի զարգացումը»,-ասել է նա:

2011-ի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի օգոստոսի համեմատ ավելացել է 9.6%-ով, հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից:

Այս տարվա օգոստոսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 84 մլրդ 241,8 մլն դրամ` 2010-ին օգոստոսի համեմատ ավելանալով 12,5%-ով: Առեւտրի շրջանառությունը աճել է 6,9%-ով (179 մլրդ 116,9 մլն), ծառայությունների ծավալը` 4.2%-ով (78 մլրդ 817,1 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 21,3%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (130 մլրդ 609,3 մլն), իսկ շինարարության ոլորտում ` 24.7%-ով անկում (41 մլրդ 455,9 մլն):