7 հոկտեմբերի 2011 - 15:32 AMT
Հայաստանի նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցին պարգևատրել է Փառքի շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլյա Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Նիկոլյա Սարկոզիի առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: