8 հոկտեմբերի 2011 - 11:17 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. ՌԴ-ն պետք է առավել լուրջ միջոցներ ձեռնարկի Սիրիայի վրա ճնշում գործադրելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը դրական է արձագանքել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը Սիրիայի մասին, սակայն, նշել է, որ ՌԴ-ն պետք է առավել լուրջ միջոցներ ձեռնարկի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հինգշաբթի Մեդվեդևը հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը պետք է բարեփոխումներ անցկացնի երկրում, իսկ եթե ունակ չէ դրան, ապա պետք է հեռանա: Ըստ ՌԴ նախագահի, Ռուսաստանը նույնպես շահագրգռված է, ոչ պակաս քան մյուս երկրները, որ արյունահեղությունը Սիրիայում դադարի:

«Դա շատ դրական քայլ է, եթե Ռուսաստանն իրոք կոչ է անում դադարեցնել բռնությունը»,-ասել է Նուլանդը: Նա նշել է, որ «ԱՄՆ-ն կցանկանար, որ գնալով ավելի շատ երկրներ ճնշում գործադրեին Սիրիայի իշխանությունների վրա»:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը: