8 հոկտեմբերի 2011 - 11:28 AMT
Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահը հյուրընկալվեց Հայաստանում

Orange Արմենիա ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ Orange-ի գլխավոր խանութը հյուրընկալել է Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարին, Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին, Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Թիերի Մարիանիին։

Նրանք բոլորը Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի պետական այցի շրջանակներում` պաշտոնական պատվիրակության կազմում: Այցի ընթացքում նրանք ծանոթացան Հայաստանում Orange-ի գործունեությանն ու այն նորարարություններին, որ ընկերությունը կատարել է Հայաստանի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի ոլորտում: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ:

«Երջանիկ և հպարտ եմ այսօր գտնվել Հայաստանում և ներկայացնել այն ընկերությունը, որն իր ներդրումներով և գործունեությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացմանը և դարձել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների կարևոր հիմնասյուներից մեկը», ասաց Ստեֆան Ռիշարը։

Ավելի վաղ Ստեֆան Ռիշարը այցելել էր Orange-ի գլխամասային գրասենյակ և հանդիպում ունեցել Orange Արմենիայի ինչպես ղեկավար անձնակազմի, այնպես էլ բոլոր աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին և ներկայացրել Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի ընդհանրական նպատակներն ու ռազմավարությունը:

Հանդիպման ընթացքում նա նշել է, որ հպարտ է այն բանի համար, որ Orange-ի աջակցությամբ Երևանի սրտում բացվել է աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը մշտապես կխորհրդանշի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը: Նա մասնակցել է արձանի պաշտոնական բացման արարողությանը: