8 հոկտեմբերի 2011 - 14:52 AMT
Հանրային խորհրդում քննարկել են միգրացիային առնչվող խնդիրները

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կդիմի կառավարությանը՝ առաջարկելով յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացնել ներգաղթի և արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու համար՝ սկսած 2012թ. տնտեսական տարվանից:

Այս մասին Վազգեն Մանուկյանը խոսեց ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման ավարտին: ՀԽ հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովը՝ Կորյուն Առաքելյանի գլխավորությամբ, մի քանի ամիս է, ինչ տարբեր մակարդակներում ուսումնասիրում և լսումներ է կազմակերպում, թե ճշգրիտ և իրական ի՞նչ չափերի է հասնում երկրից արտագաղթը, որոնք կարող են լինել արտագաղթին նպաստող պատճառները և ինչպե՞ս կարելի է վերացնել դրանք: Մոտ օրերս հանձնաժողովն այս հարցով կմեկնի Շիրակի հարզ, ապա՝ Սյունիք:

Այսօրվա նիստում տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ 2008-ից ի վեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համապարփակ վերլուծություններ չեն արել այս ոլորտում, ի տարբերություն դրան նախորդած շրջանի: Նույն տվյալները վկայակոչելով՝ այսպիսի պատկեր ներկայացրեց. 1988-2001թթ. Հայաստանից արտագաղթել է 1միլիոն 100 հազար մարդ ( այդ փուլում մարդկանց ամենամեծ հոսքը Հայաստանից եղել է 1992-1994թթ.՝ 1 միլիոն մարդ, որից հետագա տարիներին վերադարձել է մոտ 370 հազար մարդ) : 2002-2007թթ. ՝150 հազար մարդ: 2008թ.-ից հետո արտագաղթի ճշգրիտ թվերի շուրջ վերլուծություններ անելու համար Գագիկ Եգանյանն ասաց, որ ուղիներ որոնում են: Մեկ այլ ուղի է՝ սպասել առաջիկայում անցկացվելիք մարդահամարի արդյունքների հրապարակմանը:

Ամեն դեպքում, նա առանձին տվյալներ բերեց, որոնցով վերջին տարիներին արտագաղթի «մեծ ալիքների» մասին վկայող թվեր առայժմ չեն երևում: Տարածքային կառավարման փոխնախարար Արայիկ Բախշյանը համաձայնեց, որ որոշ թվային ցուցանիշներ արտագաղթի ինչ-ինչ աճ ցույց տալիս են վերջին տարիներին, բայց. «Բայց ՙաղետալի չափերով ահագնացող ալիքների մասին լուրերը չափազանցություն են» մյուս կողմից՝ «Չկա այդպիսի բան, որ թվերը մեծանում են, և կառավարությունը մտահոգ չէ»: Նրա խոսքով, հեռու ապագայի խնդիր է զարգացած երկրներից ավելի լավ պայմաններ ստեղծելը, որպեսզի մարդիկ նախընտրեն չհեռանալ, բայց կառավարությունը դեպի այդ հեռու ապագան գնալու ուղղությամբ է աշխատում:

ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Ելենա Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Սիմոնյանը խոսեցին որակական արտահոսքի վերլուծություն անելու անհրաժեշտության մասին՝ դա կարևորելով թվայինից: ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով, միգրացիոն ծառայության բուն խնդիրը չէ արտագաղթը, և պետք է կառավարությունում առանձին կառույց կամ անձ զբաղվի և պատասխանատու լինի արտագաղթի խնդիրներով:

Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ըստ ուսումնասիրությունների, Գագիկ Եգանյանը վկայաբերեց հարցումների արդյունքում պարզված առաջին չորսը՝ աշխատատեղերի բացակայություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայություն, մասնագիտական աշխատատեղերի բացակայություն, գործարարությամբ զբաղվելու առողջ մթնոլորտի բացակայություն:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն այսպես ամփոփոեց. «Երբ մամուլում սկսեցին խոսել «աղետալի չափերի հասնող արտագաղթի մասին», Հանրային Խորհուրդը երկմտեց՝ միառժամանակ դադարեցնե՞լ արդեն սկսած ծրագրերը (գյուղատնտեսական և արդյունաբերական, հարկային ու մաքսային պարզեցումներ, օլիգարխիկ մոնոպոլիաների դեմ պայքար, մանր ու միջին բիզնեսին աջակցություն ) ու այս հրատապ խնդրին «շտապ օգնությա՞ն» վերաբերմունք ցույց տալ: Հիմա արդեն պարզ է՝ մենք պետք է հետևողակնորեն վերադառնանք մեր աշխատանքին, ու քայլ առ քայլ գնանք մեր այդ ծրագրերի կատարմանը, քանի որ, մի անգամ ևս պարզ դարձավ, որ դրանք արտագաղթի պատճառները վերացնող պայմաններ կստեղծեն՚:

ՀԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ արդյունաբերության զարգացման հարցով էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում կքննարկվի արտահանման հայեցակարգը, հայտնում է ՀՀ Հանրային խորհրդի մամլո ծառայությունը: