8 հոկտեմբերի 2011 - 14:59 AMT
Հայ քաղաքագետը Սարկոզիի այցը Հայաստան գնահատել է որպես «ապարդյուն»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի երկօրյա այցը Հայաստան կարելի է ապարդյուն համարել, և այն ընդամենն ընդգծել է երկու երկրների միջև առկա երկկողմանի հարաբերությունները: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Սարկոզին ոչ մի նոր բան չի ասել թե Հայոց ցեղասպանության, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- ասել է նա:

Միաժամանակ քաղաքագետը հավելել է, որ Ֆրանսիան ընդունակ չէ ոչինչ ասել ոչ ղարաբաղյան հակամարտության, ոչ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ավելին, նա ընդունակ չէ փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: «Նույնիսկ Եվրոպան չի կարող»,- ասել է նա:

Ինչպես նշել է Շաքարյանցը, Թուրքիան արդեն պատասխանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Սարկոզիի կոչին` հիշեցնելով Ֆրանսիայի գաղութային անցյալի մասին: Այդ առումով հայ քաղաքագետը հավելել է, որ դա հերթական անգամ ցույց է տվել, որ Թուրքիայից երբեք պետք չէ սպասել քաղաքակիրթ պատասխանի, «թուրքը միշտ թուրք է մնում»: