8 հոկտեմբերի 2011 - 15:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ կհաջողվի հաղթել Իռլանդիային և նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Մակեդոնիայի հետ խաղում իր 5-րդ գոլը խփեց Եվրո-2012 ընտրական փուլում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խաղի սկզբում լարվածություն կար, սակայն հայ ֆուտբոլիստները կարողացան հավաքվել ու ցուցադրել իրենց խաղը:

«Մենք բոլորս հասկանում էինք, որ կարևոր է արդյունքը: Այս հաղթանակն արդեն անցավ պատմության գիրկը, պետք է նախապատրաստվենք Իռլանդիայի հետ խաղին»,-ասել է կիսապաշտպանը:

Ըստ նրա, խաղից հետո հաղթանակն առանձնապես չեն նշել, քանի որ առջևում բարդ խաղ է: «Մենք մասամբ ենք հետևել Իռլանդիայի հավաքականի խաղին, սակայն հասկանում ենք, որ վերջին խաղում շատ դժվար է լինելու և հակառակորդն էլ բարդ է: Հուսով եմ, մեզ կհաջողվի հաղթանակ տանել ու նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է Մխիթարյանը:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ֆուտբոլիստներն արդեն մարզվել են Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ հնարավորություն կստանա պայքարելու Եվրո-2012 եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Հայկական թիմին միայն հաղթանակ է պետք:

ՖՈՏՈՇԱՐՔ