Հոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական է

Հոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր բլոկը, որը սեպտեմբերի 30-ից Ազատության հրապարակում վրանային ճամբար էր կազմակերպել և շուրջօրյա հանրահավաքներ ու ցույցեր էր անցկացնում ամեն օր, ավարտեց իր բողոքի ակցիան և 18 կետից բաղկացած ընդհանրացնող բանաձև ընդունեց:

Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ 8 օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում։ ՀԱԿ-ը պնդում է որ ամենօրյա երեկոյան հանրահավաքներին մասնակցեց հարյուր հազարից ավելի քաղաքացի։ Կոնգրեսը գտնում է, որ միջոցառման ամենակարևոր նվաճումը դարձավ 2008թ. մարտի 1-ի սպանդից և ընդդիմության ու նրա համակիրների դեմ սանձազերծված դաժան քաղաքական հալածանքներից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումը: Բանաձևում նշվում է, որ շուրջօրյա նստացույցն ու ամենօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ քաղաքական դաշտում Կոնգրեսն է այն միակ ուժը, որն իրոք սահմանադրական կարգի վերականգնման խնդիր է դրել իր առջև՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար։ ՀԱԿ-ը վստահ է, որ 8-օրյա հանրահավաքները լիովին բացահայտեցին «կեղծ ընդդիմությանը», որն նահետացավ, երբ սկսվեցին Կոնգրեսի շուրջօրյա ակցիաները: Ընդդիմադիր բլոկը անցյալ շաբաթվա ևս մեկ ձեռքբերում է համարում ցերեկվա ընթացքում հրապարակում գործող երիտասարդական ինտելեկտուալ ֆորումը, որը կարող է կայանալ որպես մշտական դիսկուսիոն ակումբ։

Բանաձևում նշվում է նաև, որ իշխանությունները դիմեցին բոլոր անօրինական միջոցներին՝ շուրջօրյա նստացույցի ու ամենօրյա հանրահավաքների մարդաշատությունը թույլ չտալու նպատակով։ «Չխորշեցին Երևան մտնող մայրուղիների տոտալ շրջափակումից, Ազատության հրապարակի սրճարանների գործունեությունը խափանելուց, ընդհուպ մինչև շրջակայքի արտաքնոցները կողպելուց։ Ութ օր շարունակ ժողովրդին ահաբեկելու և Ազատության հրապարակից հեռու պահելու նպատակով բոլոր հեռուստակայաններով սպառնալից հաղորդագրություններ սփռեցին նստացույցը ցրելու և նրա մասնակիցներին պատժի ենթարկելու իրենց մտադրության մասին։ Դրանով հանդերձ, իշխանությունները չհանդգնեցին բռնի գործողություններ իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ մի կողմից կաշկանդված լինելով մարտի 1-ի սպանդի պատասխանատվության տակից դեռևս դուրս եկած և այդ բարդույթից ազատված չլինելու հանգամանքով, իսկ մյուս կողմից՝ Հայ ազգային կոնգրեսի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության շնորհիվ»,- ասվում է բանաձևում: Անդրադառնալով երկխոսությունը շարունակելու հարցին և հիշեցնելով, որ Կոնգրեսը դա անիմաստ է համարում և նախաձեռնությունն իշխանություններին է թողել, ՀԱԿ-ն իր բանաձևում ընդգծում է, որ յոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

Ընդդիմությունը դադարեցրել է իր շուրջօրյա հանրահավաքները՝ նկատելով, որ ցուցարարներն ամեն օր պետք է պատրաստ լինեն անհապաղ վերսկսել բողոքի ակցիաները:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները։

Սեպտեմբերի 30-ին Հայ ազգային կոնգրեսի հերթական արտոնված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ էր վերցրել Ազատության հրապարակը և չէր խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---