10 հոկտեմբերի 2011 - 10:51 AMT
Ալեքսանդր Կռիլով. Դժվար թե եվրոպական առաջնորդների այցերը Հարավային Կովկաս կարողանան որևէ բան փոխել

Ֆրանսիայի նախագահն իր շահերն ունի ներքին քաղաքականության մեջ, և այստեղ վերջին դերը չի խաղում բազմամարդ հայկական սփյուռքի կողմից օժանդակություն ստանալու ձգտումը: Այդ մասին հայտնել է ռուս փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ, ՌԳԱ ՀՏՄՀԻ առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը: Նրա խոսքով` հենց դրա հետ էր կապված Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը ճանաչելու վերաբերյալ նրա կոչն` ուղղված Անկարային:

«Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը ցուցադրեց Հարավային Կովկասում կարևոր դեր խաղալու` Ֆրանսիայի և ԵՄ ձգտումը: Սակայն չափազանց ակնհայտ է, որ առայժմ Ֆրանսիան ու ԵՄ-ն գերզբաղված են սեփական խնդիրներով, որպեսզի Հարավային Կովկասին այնպիսի ուշադրություն հատկացնեն, ինչպես, ասենք, Լիբիային կամ Իրաքին: Ու դժվար թե եվրոպական առաջնորդների այցերը Հարավային Կովկաս կարողանան որևէ բան սկզբունքորեն փոխել»,- ասել է նա, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հայաստան կատարած իր այցի ժամանակ Նիկոլյա Սարկոզին հայտարարել, է, որ եթե Թուրքիան ճանաչի իր պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը դա կգնահատեն որպես խաղաղության ու հաշտեցման դրսևորում: Նա նշել է նաև, որ 1915-2011թ. Թուրքիան բավարար ժամանակ է ունեցել մտածելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ավելին, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «եթե Թուրքիան մինչև տարեվերջ չընդունի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կդիմի այլ միջոցների, այդ թվում` կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»: