Կիմ Բակշի. Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը և հայերին

Կիմ Բակշի. Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը և հայերին

PanARMENIAN.Net - Անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, ականավոր լրագրող, հայ ժողովրդի բարեկամ, Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Մանկավարժական համալսարան» մեդալի: Մեդալը հանձնել է ՀՊՄՀ գիտության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը` համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի անունից` հայ ժողովրդի և մշակութային ժառանգության քարոզման գործում գրողի անգնահատելի ներդրման համար:

Մեդալը հանձնվել է Բակշիի` համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրմանը: Շուրջ չորս տասնամյակ Բակշին կապված է Հայաստանի հետ. նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության ու ավանդույթներին նվիրված «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին» և բազմաթիվ այլ գրքեր ու հրապարակումներ: Հատկապես հայտնի է նրա և Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի և հայերի մասին:

Կիմ Բակշին վեց գիրք է հեղինակել Հայաստանի մասին և այժմ տպագրության է պատրաստում յոթերորդը` «98 աստիճաններ» վերնագրով, որը խորհրդանշում է Մատենադարան տանող 98 աստիճանները:

«Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը և հայերին ու այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին»,- ասում է Բակշին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---