
«Ցավոք սրտի, հայերը չեն մասնակցում ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքին: Պետք է հարգանքով վերաբերվել խորհրդարանական վեհաժողովի որոշումներին»,- լրագրողներին ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն: Նա ասել է, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նպատակը մարդու իրավունքների ոլորտում ծագած խնդիրների թվի նվազումն է. «Մենք` որպես ԵԽԽՎ, որոշում ենք ընդունել ենթահանձնաժողովի աշխատանքը վերսկսելու մասին, որովհետև ադրբեջանական հողերի «բռնազավթումը» խնդիրներ է ստեղծում մարդու իրավունքների ոլորտում»,- ասել է նա:
Նա նաև անդրադարձել է փախստականների խնդիրներին, ասելով, որ հեշտ չէ ապրել որպես փախստական կամ տեղահանված անձ: Այդ առումով Չավուշօղլուն նշել է, որ նա կցանկանար, որպեսզի ԵԽԽՎ-ում այս խնդրի հետ կապված երկխոսություն լինի: «Ցավոք սրտի, հայ գործընկերները չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքին, թեև ԵԽԽՎ որոշումներին պետք է հարգանքով վերաբերվել»,- ասել է նա: