10 հոկտեմբերի 2011 - 18:12 AMT
Դավիթ Բաբայան. Խաղաղապահների տեղակայման մասին Մամեդյարովի հայտարարությունը սև PR է

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ լուրջ քննարկումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման շուրջ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ երկրի քաղաքական գործիչներն ու ղեկավարությունը հանդես են գալիս նման ելույթներով:

«Այդ հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, սև PR են»,- նշել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Արցախը սկզբունքորեն դեմ չի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայմանը: «Սակայն, մինչ այդ պետք է համապարփակ կերպով կարգավորել Արցախի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, պետք է երկու երկրների միջև սահման հաստատվի, ինչպես նաև Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա խաղաղապահ զորակազմի տեղակայման քննարկումը»,- նշել է նա: