Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ՀԱԿ-ի պահանջը պատրաստություն է հերթական ընտրություններին

Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ՀԱԿ-ի պահանջը պատրաստություն է հերթական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պահանջը համարում է քաղաքական հնարք և պատրաստություն հերթական ընտրություններին: «Քանի որ ՀԱԿ-ը հասկանում է, որ մոտենում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունները, նա պարբերաբար նման քայլեր է ձեռնարկում, որոնք ես դիտարկում եմ որպես ընտրազանգվածը չկորցնելուն ուղղված քաղաքական հնարքներ»,- հայտնել է նա PanARMENIAN.Net գործակալությանը: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում ընդդիմությունը զանազան պահանջներ է առաջադրում, այդ թվում` պետության ղեկավարի հրաժարական, և անկախ Հայաստանի 20 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր և գործիչներ առաջադրել են գործող նախագահի և իշխանությունների հրաժարականի պահանջը: «Դա սովորական նախընտրական երևույթ է մեր հասարակության մեջ, և չեմ կարծում, որ հրաժարականի պահանջը որևէ լուրջ բանի կհանգեցնի, հատկապես հաշվի առնելով այն, որ Կոնգրեսի` հրաժարականի վերաբերյալ պահանջը նորություն չէ»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է իշխանության և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսության հեռանկարներին, ապա Շարմազանովը նշել է, որ իշխանություններն արդեն հայտարարել են, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը, երբ ՀԱԿ-ը դադարեցնի իր ապօրինի գործողությունները: «Այժմ նրանք դադարեցրել են (շուրջօրյա հանրահավաքները) և պետք է ասեն` պատրաստ են, թե ոչ: Իշխանությունները երբեք արհեստականորեն չեն ընդհատել երկխոսությունը կամ շիկացրել իրավիճակը»,- հայտնել է նա: Շարմազանովը հավելել է, որ իշխանություններն այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ իրենք քաղաքական խնդիրների լուծման բացառապես կոռեկտ և քաղաքակիրթ ճանապարհների կողմնակից են:

Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ազատ ելումուտին հրապարակ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը կշարունակվեն 7 օր, այնուհետև կընդունվի որոշում դրանց շարունակման կամ դադարեցման մասին: Հոկտեմբերի 8-ին Հայ ազգային կոնգրեսն ավարտեց իր բողոքի ակցիան և 18 կետից բաղկացած ընդհանրացնող բանաձև ընդունեց: Անդրադառնալով երկխոսությունը շարունակելու հարցին և հիշեցնելով, որ Կոնգրեսը դա անիմաստ է համարում և նախաձեռնությունն իշխանություններին է թողել, ՀԱԿ-ն իր բանաձևում ընդգծում է, որ հոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---