11 հոկտեմբերի 2011 - 13:44 AMT
Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կկայանա սոցիալական գործընկերությանը նվիրված երկրորդ ազգային համաժողովը

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի անցկացմանը

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը աջակցում է հոկտեմբերի 11-ից 12-ը Երևանում անցկացվող սոցիալական գործընկերությանը նվիրված երկրորդ ազգային համաժողովին:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից: Այս տարի համաժողովի թեմաներն են աշխատակիցների անվտանգությունն ու առողջության պահպանումը:

«Այս խնդիրները մեր երկրում խիստ արդիական են: Աշխատուժը մեծ դեր է խաղում մրցունակության բարձացման և կազմակերպչական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հարցում, սակայն, ցավոք, մեր երկրում այս հանգամանքը դեռևս բոլորը չեն գիտակցում: Աշխատակիցների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումն այսօր հանդիսանում է հայաստանյան բիզնեսի թույլ կողմերից մեկը»,- նշեց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Հայտնի է, որ շուկայական պայմաններում ընկերությունը ստանձնում է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: «ԱրմենՏել» ընկերությունը կարևորում է իր աշխատակիցների անվտանգությանն ու առողջության պահպանմանն ուղղված համակարգերի կիրառումն ու զարգացումը, այն իր մեջ ներառում է նաև բժշկական ապահովագրության բոլոր տեսակները», - նշեց «ԱրմենՏել» մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

«Սոցիալական գործընկերության» երկրորդ համաժողովին մասնակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Արդեն 2-րդ տարին է, ինչ «ԱրմենՏել» -ը հանդիսանում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի գլխավոր հովանավոր: