Հունաստանում տեղի ունեցան Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ

Հունաստանում տեղի ունեցան Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աթենքում տեղի ունեցան նորվեգացի ականավոր հումանիստ, բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվեցին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 10-ին Աթենքի ակադեմիայում կայացավ գիտաժողով, որը նվիրված էր 1922-24թթ. հույն գաղթականների խնդիրների լուծման և հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Նանսենի ծավալած գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ազգերի լիգայի` փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը, նրա անխոնջ նվիրումը ինչպես հույն, այնպես էլ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, համաշխարհային հանրության ուշադրությունը նրանց հոգսերի ու խնդիրների վրա սևեռելու գործում: Անդրադարձներ եղան նաև նորվեգացու դիվանագիտական, գիտական, մարզական և այլ գործունեությանը:

Հոկտեմբերի 11-ին Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի ունեցավ Նանսենի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին տեղադրվեց նույն պուրակում գտնվող հայկական խաչքար-հուշակոթողի անմիջական մերձավորությամբ: Միջոցառումներին մասնակցեցին Հունաստանում ՀՀ դեսպանության և հունահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---