12 հոկտեմբերի 2011 - 15:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ղեկավարը հուսով է, որ Եգիպտոսում կայունության հաստատումը կնպաստի Եգիպտոսի հետ հարաբերություններին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը, երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից և շարունակվում են մինչ այսօր: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը ևս զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը, հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ