Չցանկանալով մեկնաբանել պարտության պատճառները` նախագահը նշել է, որ Հայաստանի ընտրանին փայլուն խաղ ցուցադրեց

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ոլորտում նախագահական մրցանակների շնորհման ժամանակ անդրադարձել է Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպմանը: «Երեկ բոլորս ազգովի, ամենայն ուշադրությամբ հետևում էինք և երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին: Եվ այդ սևեռումը, ազգային համախմբումը և զարթոնքը ամենաթանկ ձեռբերումն էր` անկախ այդ խաղի արդյունքներից: Իսկ թե ինչու արդյունքներն այդպիսին եղան, հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն են խաղում»,- Սերժ Սարգսյանի խոսքն է հաղորդում ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին օրինակ է բերել պատանի մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանք ապացուցեցին, որ աշխատասիրությունը, հետևողականությունը, ստեղծագործական մոտեցումները միշտ էլ արդյունավետ են, միշտ էլ երաշխավորում են հաջողություն և հաղթանակ: «Երեկ Դուբլինում մարզադաշտ դուրս եկած մեր մարզիկները հիմնականում վերջերս են բոլորել իրենց 20 տարին: Երկու-երեք տարի առաջ ոչ մեկ երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին: Բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` տաշած քարը գետնին չի մնա: Իսկ քարը երբեք այդպես հեշտությամբ չի տաշվում. քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետևողականություն և նպատակասլացություն: Վստահ եմ, որ մենք` որպես հավաքական միասնություն, որպես Հայաստանի ժողովուրդ, տիրապետում ենք այդ որակներին»,- նշել է նախագահը:

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպմանը մրցավար Իտուրալդե Գոնսալեզը կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ, իսպանացու կարծիքով, Բերեզովսկին ձեռքով էր խաղացել տուգանային դաշտից դուրս: Մրցավարի վիճելի որոշման արդյունքում Հայաստանի հավաքականը մնաց տաս հոգով և 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային` B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը: Այս հաղթանակի շնորհիվ Իռլանդիայի հավաքականը կշարունակի պայքարը Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---