13 հոկտեմբերի 2011 - 09:12 AMT
Հայաստանի տարածքում ավելի քան 3000 սողանքային գոտի կա

Հայաստանի տարածքում ավելի քան 3000 սողանքային գոտի կա, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՄԱԿ Զարգացման ծրագրի Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը: «Գոյություն ունի սողանքների քարտեզ, և եթե խորհրդային տարիներին դրանք մոտ 2400 էին, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո դրանց թիվը գերազանցել է 3000»,- նշել է նա: Նրա խոսքով` դրա պատճառը հողի հետ աշխատելու` մարդու անկարողությունն է: «Գյուղացիներին թվում է, թե որքան շատ ոռոգեն հողը, այնքան այն պտղաբեր կլինի»,- ասել է նա` հավելելով, որ նրանք չեն հասկանում, որ սողանքների պատճառը նաև հողում մեծ քանակությամբ ջրի առկայությունն է: Ընդ որում, Արմեն Չիլինգարյանը նշել է, որ սողանքների գոտիների ավելացման պատճառ է հանդիսանում նաև անտառահատումը, որն ամենից շատ դիտվել է ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այս կապակցությամբ Արմեն Չիլինգարյանը նշել է, որ գյուղացիների հետ անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ իրականացնել, որպեսզի նրանք տեղեկացված լինեն նման ռիսկերի մասին:

Հոկտեմբերի 2-ին` ժամը 19:03-ին, M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Սողանքի գոտում 35 մեքենա էր գտնվում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ օպերատիվ շտաբ էր ստեղծվել, դեպքի վայր էին ուղարկվել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ, որոնք օգնություն էին ցուցաբերում սողանքի տակ հայտնված մեքենաների ուղևորներին: