13 հոկտեմբերի 2011 - 09:46 AMT
Սողանքի գոտում հայտնաբերվել են վերջին երկու դիերը

Հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հողազանգվածից դուրս է բերվել ևս երկու դիակ, որոնց ինքնությունը պարզվել է: Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

Բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը իր մեր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

Տեղում դեռևս շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով հողաշերտի տակ դեռ կա մեկ մեքենա, և փրկարարները փորձում են այն դուրս բերել հողաշերտից:

Ընդհանուր առմամբ հողաշերտից դուրս է բերվել մոտ 30 մեքենա:

Տավուշի մարզում գործում է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը և վրանային քաղաքը:

Անհայտ կորածների ցուցակում նշված էր հինգ անուն, որոնց բոլորի դիերը հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ժամանակ: Բացի երկու Վրաստանի քաղաքացիներից, հողաշերտի տակ հայտնաբերվել էին նաև 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, ինչպես նաև Նորիկ Միրզոյանի (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ) դիերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: