13 հոկտեմբերի 2011 - 14:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հոկտեմբերի 14-18-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը

Հոկտեմբերի 14-18-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և այս տարի անցկացվելու է երրորդ անգամ: Միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի տեղի է ունենում «Քո հետքը բնության մեջ» կարգախոսով և նվիրված է վայրի բնության պահպանությանը: Ինչպես հաղորդել է Երևանում մամլո ասուլիսում փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև ֆիլմերի 4 ծրագրեր: Նրա խոսքով, ներկայացված 100 ֆիլմերից ընտրվել են 70-ը, որոնք ցուցադրվելու են 11 կինոսրահներում, ինչպես նաև երկրի մարզերում: Բացի դրանից, նախատեսվում է նաև միջազգային համաժողովի անցկացում «Քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանման գործում» թեմայով:

Խաչատրյանը նաև նշել է, որ այս տարի փառատոնի կազմակերպիչները փորձել են ընդգրկել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին և բարձրացնել նրանց իրազեկության մակարդակը բնության պահպանության հարցում: Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի փառատոնի ցուցադրություններին մասնակցելու են ավելի քան 5000 դպրոցականներ:

Իր հերթին«VivaCell-MTS» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը ողջունում է փառատոնի անցկացումը: Նա նաև նշել է վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանության մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կբացի Պատրիկ Ռուսելի «Green» ֆիլմը:

Փառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ