13 հոկտեմբերի 2011 - 15:28 AMT
Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ավարտել է իր առաքելությունը Ավստրիայում

Ավստրիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի, նախագահի Եվրոպական և միջազգային հարցերով խորհրդական, դեսպան Հելմուտ Ֆրոյդենշուսի, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության պետական քարտուղար Վոլֆգանգ Վալդների, գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեի և քաղաքական տնօրենի պաշտոնակատար Ֆրանց Յոզեֆ Կուգլիչի հետ:

Հանդիպումների ընթացքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնում ծավալած արդյունավետ գործունեության համար` գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները նրա դիվանագիտական առաքելության վեց տարիների ընթացքում և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում ակտիվ զարգացում են ապրել:

Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Դաշնային նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայնց Ֆիշերը գոհունակություն է հայտնել հայ-ավստրիական հարաբերությունների վերջին տարիների զարգացման առնչությամբ` նշելով, որ Ավստրիայի հետաքրքրությունը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանում աճում է, ընդ որում, ոչ միայն տնտեսական բնագավառում, այլև հաշվի առնելով ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը Հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն ապահովելու տեսանկյունից:

Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարաբերությունների դաշնային նախարարությունը դեսպան Հովակիմյանի առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԵԱՀԿ և Վիեննայում միջազգային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: