13 հոկտեմբերի 2011 - 15:54 AMT
Սերգո Կարապետյան. Հայաստանը նորովի մոտեցում է որդեգրել գյուղատնտեսության ոլորտի հանդեպ

Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական տարում առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, և դա մեր համակարգի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման ու պետական հոգածության իրական դրսևորումներից է, ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

«Հետևողականորեն ընթանալով տնտեսական բարեփոխումների ճանապարհով, հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը փոքր, բայց իրական քայլերով շարժվում է դեպի զարգացման մի այնպիսի հանգրվան, ուր մեր հողից ստացված բերք ու բարիքով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը:

Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում խաղաղ, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի զորացում: Երջանիկ եղեք, առողջ ու պինդ ձեր աշխատանքի ու հավատի մեջ»,-ասվում է նախարարի ուղերձում: