14 հոկտեմբերի 2011 - 11:45 AMT
ԱՄՆ-ն մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա ու ստիպել վերադարձնել քրիստոնյա համայնքների գույքը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա ու ստիպել վերադարձնել քրիստոնյա համայնքների առգրավված գույքը: Ինչպես հայտնում է ANCA-ի մամլո ծառայությունը, այդ մասին Քլինթոնը նամակ է գրել կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանին, որն իր հերթին օգոստոսի 15-ին նամակ էր հղել պետքարտուղարին՝ դժգոհություն հայտնելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների քանակի մասին հայտարարության առնչությամբ:

Պատասխան նամակում Քլինթոնը, մասնավորապես, գրում է. «Մենք կարևորում ենք Թուրքիայում կրոնական ազատության հարցերը: Մենք ուշադիր կհետևենք թուրքական կառավարության օգոստոսի 27-ի որոշման կատարմանը, որով պետք է վերադարձվի ոչ մահմեդական համայնքների գույքը»:

ANCA-ն ողջունել է Քլինթոնի որոշումը՝ խնդրելով պահպանել սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում: