14 հոկտեմբերի 2011 - 13:08 AMT
«Ոսկե ծիրան 2011»-ի հաղթողը կարող է դառնալ «Օսկար 2012»-ի հավակնորդ

«Ոսկե ծիրան 2011» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը կարող է դառնալ «Օսկար 2012»-ի լավագույն օտարալեզու ֆիլմի հավակնորդ: Ինչպես նշված է ամերիկյան կինոակադեմիայի պաշտոնական կայքում, այսօրվա դրությամբ նշված անվանակարգում հայտնվել է 63 ֆիլմ:

Ցանկում ընդգրկված են նաև Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը և Վիմ Վենդերսի «Պինա»-ն, որի երևանյան պրեմիերաները նույնպես կայացաներևանյան կինոփառատոնի շրջանակներում:

Ցուցակում ընդգրկված են նաև Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմը Ռուսաստանից և Եգոր Միխալկով-Կանչալովսկու «Վերադարձ դեպի «Ա» » ֆիլմը Ղազախստանից: Վրաստանը ներկայացված է Օթար Իոսելիանիի «Շանտրապա»-ով: 84-րդ «Օսկարը» կայանալու է 2012 թ-ի փետրվարի 26-ին, իսկ հավակնորդների անունները հայտարարվելու են հունվարի 24-ին: