14 հոկտեմբերի 2011 - 14:35 AMT
Արցախի ԱԳՆ-ն ՄԱԿ-ում պաշտոնական հայտարարություն է տարածել տեղական ընտրությունների մասին

Հոկտեմբերի 13-ին որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ԼՂ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը` նշելով, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որևէ հասարակության, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Նա ընդգծել է, որ արդեն 5-րդ անգամ անցկացված ընտրությունները ԼՂ-ում վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռևս անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, ՏԻՄ ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

ՄԱԿ-ի պաշտոնական գրությունում ներառված Արցախի ԱԳՆ հայտարարությունն իր հերթին շեշտում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետևողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը, և հիշեցնում Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: