14 հոկտեմբերի 2011 - 14:52 AMT
Հայաստանի գովազդային խորհուրդը կստեղծի գովազդային ընկերությունների վարկանիշային ցուցակ

Այսօր Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արզուման Հարությունյանը մամլո ասուլիսում հայտնեց, որ խորհուրդը հայտարարում է 2011թ-ի գովազդային գործակալությունների վարկանշային ցուցակի գործարկման մասին։Աշխարհում գործում են ավելի քան 140 վարկանիշային ցուցակներ։ Գովազդային կազմակերպությունները, մասնակցելով տեղական կամ միջազգային գովազդային փառատոների՝ մրցանակներ շահելու դեպքում, վաստակում են միավորներ և ընդգրկվում են վարկանիշային ցուցակներում։

Վարկանիշային ցուցակները գովազդային կազմակերպության վարկանիշի գնահատման ընդունված ձևն են։ Արզուման Հարությունյանի խոսքով, դրանց ստեղծումը, նախևառաջ, պատվիրատուների գործը հեշտացնելու համար է։ «Պատվիրատուի ընտրության համար լավագույն միջոցը վարկանիշային ցուցակն է։ Պատվիրատուն առաջինը այդ ցուցակը կնայի, կիմանա ովքեր են առաջատարներն ու խոշոր ընկերությունները, կհասկանա ում հետ աշխատել և ինչու», նշեց նա։

2011-ի Հայաստանի գովազդային խորհրդի գովազդի վարկանիշային ցուցակում ներառված են հետևյալ փառատոները՝ «Կաննի» միջազգային փառատոնը, Մոսկվայի միջազգային «Գոլդեն դրամ» փառատոնը, Մոսկվայի միջազգային «Ռեդ Էփլ» փառատոնը, Մոսկվայի միջազգային սոցիալական գովազդի «Լայմ» փառատոնը, Սիբիրի միջազգային «Իդեա» փառատոնը, Մերձբալթյան երկրների միջազգային «Գոլդեն համեր» փառատոնը, Կիևի միջազգային փառատոնը, Մինսկի միջազգային «Բելի կվադրատ» փառատոնը և Երևանի POPOK գովազդի միջազգային փառատոնը։

Բոլոր հայկական այն գովազդային կազմակերպությունները նշված փառատոներին 2011-ի ընթացքում մասնակցելու և մրցանակների արժանանալու դեպքում, կշահեն նաև միավորներ Հայաստանի գովազդային խորհրդի կողմից և կընդգրկվեն խորհրդի վարկանշային ցուցակում։ Տարվա վերջում խորհուրդը կհայտնի ցուցակում ներգրավածների մասին։

Նշված փառատոների «short list»-ում հայտնվելու դեպքում գովազդային ընկերությունը կստանա 2 միավոր, «բրոնզե մրցանակ»-ի դեպքում՝ 4 միավոր, «արծաթե» մրցանակ՝ 6 միավոր և «Գրան պրի»՝ 10 միավոր։

«Վարկանիշային ցուցակները ավելի կոգևորեն դրսի ընկերությունների մասնակցությունը մեր Popok փառատոնին, քանի որ նրանք միավոր վաստակելու հնարավորություն կունենան, դե իսկ տեղական ընկերություններն էլ կակտիվացնեն իրենց մասնակցությունը, որպեսզի դառնան վարկանիշային ցուցակի պոտենցիալ հավակնորդ»,-ավելացրեց Արզուման Հարությունյանը։