14 հոկտեմբերի 2011 - 15:40 AMT
Արամ Մանուկյանը սպառված է համարում իշխանությունների հետ երկխոսության գործընթացը

Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև քաղաքական երկխոսության գործընթացի խաղաղ մեթոդները սպառված են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Միաժամանակ նա նշել է, որ դա չի նշանակոււմ, որ սպառվել են գործող իշխանությունների հետ պայքարի մեթոդները: Մանուկյանը նշել է, որ հիմա ՀԱԿ գլխավոր պահանջը դարձել է նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: Դրա հետ կապված նա նշել է, որ եթե երկխոսության գործընթացի շրջանակներում արտահերթ ընտրությունների պահանջը երկկողմանի գործընթաց էր, ապա հրաժարականի պահանջը միակողմանի է, որը չի ենթադրում բանակցություններ:

Մանուկյանի խոսքով, գործող իշխանությունների հետ չի կարելի բանակցություններ վարել` որպես իր խոսքերի արդարացում նշելով Երևանի շրջափակումը ՀԱԿ հանրահավաքների օրերին, Ազատության հրապարակին կից սրճարանների փակումը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվել է հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով, որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: