14 հոկտեմբերի 2011 - 15:45 AMT
Հայաստանի գովազդի շուկան զարգացման հարցում շատ անելիքներ ունի

Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արզուման Հարությունյանն այսօր կայացած ասուլիսում նշեց, որ Հայաստանում գովազդի շուկան ունի ինքնակարգավորման խնդիր։

«Հայաստանի գովազդի մասին օրենքն ունի շատ թերություններ։ Մեր մարմինը ստեղծված է գովազդի շուկան կարգավորելու, օրենքի սխալ կիրառումները արձանագրելու և շտկումներ անելու համար։ Մենք հանդես են գալիս որպես ոլորտի լուրջ փորձագետներ։ Մենք ցանկցած խախտման դեպքում ունենք մեր արձագանքը՝ լինի դա երեխաների համար չնախատեսված գովազդում երեխայի կերպարի օգտագործում կամ բարոյականության կանոնների շեղում թույլ տված գովազդ»,-ասաց նա։

Ամեն 2 ամիսը մեկ Հայաստանի գովազդային խորհրդի անդամները հավաքում են 2 ամսվա գովազդները՝ թե՛ հեռուստատեսային, թե՛ ռադիո, թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային և քննարկում կատարում։ Այնուհետև խորհրդի՝ գովազդի հետ կապված դիտարկումներն ուղղարկվում են գովազդ պատրաստողին, եթե պատասխան չկա, խորհուրդը դիմում է օրենսդրությանը։

«Ուղղումներ չանելու դեպքում մենք կատարում են հրապարակումներ դրանց մասին։ Շատ հաճելի է և նման դեպքեր շատ են եղել, երբ մեր միջամտություններից հետո գովազդում շտկումներ են կատարվել»,-ասաց Արզուման Հարությունյանը։ Ըստ նրա, Հայաստանի գովազդի շուկան զարգացման հարցում շատ անելիքներ ունի։

«Դաշտը պղտոր է, չի շերտավորված։ Պատվիրատուն չգիտի, թե ինչպես ձևավորի և կազմի պատվերը, պատվիրատուն այդ հարցում կիրթ չէ։ Ողջ աշխարհում գովազդը չի հեռարձակվում՝ մինչև հետազոտություն չանցնի։ Սա մեծ խնդիր է Հայաստանում»,-ավելացրեց նա։

Հայաստանի գովազդային խորհուրդը չի կարող Հայաստանում գործող գովազդային գործակալությունների հստակ քանակը նշել, քանի որ բոլորն են գովազդ պատրաստում՝ չլինելով գովազդում մասնագիտացված։ «Շատ ցավալի է, որ անհնար է թիվ ասել, քանի որ յուրաքանչյուրն, ով մեկ գովազդային վահանակ է պատրաստում, իրեն համարում է գովազդային ընկերութուն»,- ասաց Արզուման Հարությունյանը։

Հայաստանի գովազդային խորհրդը ոչ ֆորմալ կերպով գոյություն ուներ 4-5 տարի, վերջերս ստացել է իրավական կարգավիճակ։ Գովազդային խորհրդի կացմում են Հայաստանի 10 խոշոր ընկերություններ՝ «Շարմ» հոլդինգը, «Դիիմ Քոմյունիքեյշնզը», «Անտարես» հոլդինգը, «Ռադիո Վանը» և ևս 6 ընկերություն։