14 հոկտեմբերի 2011 - 15:47 AMT
Միջազգային ընկերություններն ավելի են ոգևորված Popok փառատոնին մասնակցելու հեռանկարից, քան տեղականները

Այսօր Popok գովազդի միջազգային փառատոնի տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը հայտնեց Հայաստանի գովազդային խորհրդի հետ համագործակցության մասին։ Popok փառատոնն ընդգրկվել է 2011թ-ի Հայաստանի գովազդային խորհրդի վարկանիշային ցուցակի փառատոներում։ Սա նշանակում է, որ փառատոնի հաղթող կամ short list-ում հայտնված գովազդային ընկերությունները միավորներ կվաստակեն փառատոնից և հնարավորություն կունենան հայտնվել վարկանիշային ցուցակում։

Րաֆֆի Նիզիբլյանը հայտնեց նաև, որ փառատոնին մասնակցելու համար գրանցվել է մոտ 100 ընկերություն։ «Դեռ 4 օր ունենք գրանցման ավարտին և համոզված եմ այս վերջին օրերին հայտերը մեծ թափով կավելանան»,-ասաց Րաֆֆի Նիզիբլյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի փառատոնն ունեցել է 430 մասնակից, որից մոտ 200-ը գրանցվել է վերջին մի քանի օրում։

Րաֆֆի Նիզիբլյանի խոսքով, արտասահմանյան մասնակիցներն այս պահին ավելի շատ են, քան տեղականները։ «Վարկանիշային ցուցակի ստեղծումը ևս մեկ առիթ է տեղական ընկերություններին խրախուսելու փառատոնին մասնակցելու համար»,-նշեց նա։

Ամբողջ աշխարհում գովազդային փառատոներին ներկայացվող գովազդների պարտադիր պահանջը դրանց հեռարձակված և կիրառված լինելն է։ «Քանի որ Հայաստանում ունենք գովազդի շուկայի զարգացման խնդիր, մենք որոշեցինք փառատոնի շրջանակներում ավելացնել ևս մեկ կատեգորիա չկիրառված գովազդների համար, որոնք միգուցե պատվիրատուն չի հավանել, սակայն հիանալի գովազդներ են։ Սրանց ասում են Fake գովազդներ»,-ավելացրեց Րաֆիի Նիզիբլյանը։

«Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնը հոկտեմբերի 27-29-ը կանցկացվի Երևանում՝ Մոսկվայի տանը։ «Popok» փառատոնին այս տարի կմասնակցեն թե՛ Եվրոպայից, թե՛ Ասիայից 25 երկրների ներկայացուցիչներ՝ Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան և այլն։ Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալություննների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Մրցույթը հետևյալ անվանակարգերում է՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ։ Մրցութային ծրագրի աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 18-ը։