«Հայփոստ մարաթոն». Փոստային բաժանմունքներ վերաբացվեցին Տավուշում

«Հայփոստ մարաթոն». Փոստային բաժանմունքներ վերաբացվեցին Տավուշում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Դիլիջան քաղաքի մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի և Իջևանի 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը, վերաբացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` երկու քաղաքների բնակիչներ:

Վերաբացման արարողությանն իր ողջույնի խոսքն ասաց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորելով վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների աշխատակիցներին և հաճախորդներին` պարոն Ղուլարյանն ընդգծեց «Հայփոստ»-ում բարեփոխումների կարևորությունը:

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը հիշեցրեց, որ այսօր ընթանում է ոչ միայն »Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»: Ելույթներից հետո տեղի ունեցավ նոր մասնաճյուղերի օրհնման կարգը:

Արարողության ընթացքում քաղաքապետերի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ինչպես Դիլիջան, այնպես էլ Իջևան քաղաքների փոստային մասնաճյուղերի պետերին:

Ամբողջովին նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված մասնաճյուղն ու բաժանմունքները համարժեք են մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներին` ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման որակով:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը և մարզերում փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Դիլիջան և Իջևան քաղաքների փոստային բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Դիլիջանի և Իջևանի բնակիչներին:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---