15 հոկտեմբերի 2011 - 12:09 AMT
ԱՄՆ խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր իշխանությունների քաղաքականության դեմ

Նյու Յորքում և ԱՄՆ այլ խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր «Գրավել Ուոլ սթրիթը» ընդհանուր խորագրով՝ իշխանությունների քաղաքականության դեմ, հայտնում է CNN-ը:

Ցուցարարներն այնքան շատ էին, որ ոստիկանները մեծ դժվարությամբ էին զսպում մարդկանց ամբոխը: Մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է՝ նրանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու և ոստիկաններին դիմադրելու մեջ:

Սան Դիեգոյի գլխավոր հրապարակում բողոքարարները նստացույց էին անում՝ հրաժարվելով լքել տարածքը և վանկարկելով «Շարունակելու ենք նստել»: Ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գաղ օգտագործել:

Նմանատիպ պայմաններում Դենվերում ձերբակալվել է 24 մարդ, իսկ Նյու Յորքում ականատեսեը նկարահանել է, թե ինչպես են ոստիկանները մահակներ կիրառում:

Բողոքները Նույ Յորքում սկսվել են սեպտեմբերի 17-ին, երբ «Գրավել Ուոլ սթրիթը» ակցիայի մասնակցիները վրանային ճամբար խփեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայի հարևանությամբ և մինչ օրս ցույց են անցկացնում այնտեղ: Մասնակիցները դեմ են իշխանությունների քաղաքականությանը՝ անվանելով այն «ֆինանսական ահաբեկչություն»:

«Դժգոհների ցույցերը» խաղաղ են և շատ կողմնակիցներ ունեն: