15 հոկտեմբերի 2011 - 14:33 AMT
Փորձագետ. Առաջիկայում Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում

Առաջիկայում Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում: Այդ մասին Երևանում հայտարարել է իրանագետ Ռուդոլֆ Յարալյանը: Այդ համատեքստում նա անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Երևանում արված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապացուցեցին, որ Եվրոպան տարածաշրջանային ակտիվ զարգացումները տեսնում է Հայաստանի ակտիվ մասնակցությամբ: Ըստ նրա, դա նաև հարված է Եվրոպայի կողմից պանթուրքիստական ծրագրերին տարածաշրջանում: Ըստ հայ փորձագետի, Եվրոպան պատրաստակամություն հայտնեց դիմակայելու Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերին:

Հայաստան իր այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավական ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա: Նա նաև հերթական անգամ հայտարարեց, որ չի տեսնում Թուրքիային ԵՄ կազմում:

Անդրադառնալով Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը, Սարկոզին ասել է, որ այդ նպատակով ապագայում Հայաստան է ժամանելու ֆրանսիական առաքելությունը, որը պետք է պարզի, թե ինչպիսի հնարավորություններ կան միջուկային էներգիայի օգտագործման տեսանկյունից: Սարկոզիի խոսքով, Հայաստանը դրա կարիքն ունի: