15 հոկտեմբերի 2011 - 16:01 AMT
«Գրավի'ր Ուոլլ սթրիթը» շարժումը համաշխարհային մասշտաբ է ստանում

Հոկտեմբերի 15-ին աշխարհի տարբեր երկրներում տեղի կունենան «Գրավի'ր Ուոլլ սթրիթը» շարժման ակցիաների նմանությամբ բողոքի ակցիաներ ֆինանսական ինստիտուտների դեմ: Ինչպես գրում է ՌԲԿ.ռու-ն, այն մասին, որ հենց այս օրն է այսպես կոչված «ֆինանսական ահաբեկչության» դեմ զանգվածային ցույցերի օր դառնալու, անցյալ շաբաթ գրում էին տարբեր երկրների ԶԼՄ-ները: Ցույցեր են սպասվում Զագրեբում, Տորոնտոյում, Նոր Զելանդիայում, ինչպես նաև Նյու Յորքում, որտեղ տեղի են ունեցել ժամանակակից տնտեսական կառուցվածքի դեմ առաջին ակցիաները: Հարկ է նշել, որ քաղաքների մեծամասնությունը, որտեղ տեղի կունենան բողոքի ակցիաները, իրենց երկրների ֆինանսական կենտրոններն են, և ցույցերի անցկացումը հենց այդ վայրերում պատահական չէ, քանի որ ակցիաները հաճախ տեղի են ունենալու բորսաների և ֆինանսների նախարարությունների շենքերի մոտ:

Գրեթե բոլոր ակցիաները կազմակերպվել են Facebook սոցիալական ցանցի միջոցով, որտեղ միջոցառումներից մի քանի շաբաթ առաջ համապատասխան խումբ է ստեղծվել: Բավական կարճ ժամանակամիջոցում խմբին բազմաթիվ կողմնակիցներ են միացել: Այդպես, լոնդոնյան բողոքներին նվիրված խմբի մասնակիցների թիվն արդեն հասնում է 12 հազարի:

Առաջիկա բողոքի ակցիաների մասնակիցները հայտնում են, որ իրենց միջոցառումները խաղաղ բնույթ են կրելու, սակայն բոլոր երկրներում, որտեղ ցույցեր են սպասվում, ոստիկանները բարձր պատրաստականության են բերվել:

ԱՄՆ-ում ֆինանսական ինստիտուտների և սոցիալ-տնտեսական խնդիրների դեմ «Գրավի'ր Ուոլլ սթրիթը» խորագիրը կրող ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 17-ին: Մասնակիցները վրանային ճամբար են կազմակերպել Ուոլլ սթրիթի` ԱՄՆ ֆինանսական կենտրոնի շրջանում: Հոկտեմբերի 2-ին ակտիվիստները փորձեցին փակել երթևեկությունը Բրուքլինյան կամրջով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չտվեց անել դա` բերման ենթարկելով մոտ 700 մարդ: Հոկտեմբերի 5-ին Նյու Յորքում տեղի ունեցավ բողոքի ամենամասշտաբային ակցիան, որին մասնակցում էին մինչև 12 հազար մարդ: Շուտով բողոքի ակցիաները տարածվեցին նաև այլ քաղաքներում` Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Բոստոնում: