15 հոկտեմբերի 2011 - 17:43 AMT
Շարմազանով. ԼՂ «ադրբեջանական համայնքը» ձեռնածելու փոխարեն Բաքուն ավելի լավ է ընդունի, որ Արցախն անկախ երկիր է

«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության քարտուղար Սիյավուշ Նովրուզովի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Ղարաբաղի այսպես կոչված«ադրբեջանական համայնքը» ձեռնածելու փոխարեն Բաքուն ավելի լավ է ընդունի, որ Արցախն անկախ ժողովրդավարական երկիր է և «ունի երկու ճանապարհ` կա'մ լինել միջազգայնորեն ճանաչված հանրապետություն, կա'մ միանալ Հայաստանին»: Բացի դրանից, Շարմազանովը նշել է, որ Բաքուն չի կարող խոսել երկու տարբեր ժողովուրդների հանդիպումների մասին, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ ադրբեջանցիները, բացի իրենց ժողովրդից որևէ այլ ժողովրդի ներկայություն չեն հանդուրժում:

Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից: