15 հոկտեմբերի 2011 - 17:59 AMT
Այսուհետ Երևանի Հաղթանակի կամուրջը կներկայանա նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի շենքերի ու շինությունների, հուշարձանների, կամուրջների գեղարվեստական լուսավորության ապահովման նպատակով տարբեր բանկային ընկերությունների աջակցությամբ արդեն գեղարվեստական լուսավորությամբ ձևավորվել են մայրաքաղաքի մի շարք հուշարձաններ, մշակութային արժեք ներկայացնող շենքեր ու կամուրջներ:

Հաղթանակի կամրջի գեղարվեստական լուսավորությունն իրականացնելու նպատակով է « Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությունը տրամադրել է 15մլն դրամ: Ժամանակակից լուսավորությամբ զարդարվել են կամրջի 200մ երկարություն և 25մ լայնություն ունեցող 35 մետր բարձրությամբ հիմնասյունները:

Հաղթանակի կամրջի գեղարվեստական լուսավորության շնորհանդեսին Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունից շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ նշել է, որ քաղաքապետարանի և բիզնես կառույցների միջև համագործակցությունը լինելու է շարունակական և օրինկելի նաև՝ մյուս կազմակերպությունների համար:

« Արդշինինվեստբանկի» ղեկավար, բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, ողջունելով մեր հազարամյա մայրաքաղաքը ժամանակակից լուսային հանդերձանքով ձևավորելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը , նշել է, որ իր ղեկավարած կառույցի համար հաճելի և պատասխանատու է մասնակցությունն այդ ծրագրին, քանի որ դրանով բանկն իր ներդրումն է ունենում Երևանի քաղաքապետարանի հետաքրքիր ձեռնարկում` անչափ գեղեցիկ և մնայուն նվեր մատուցելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Ի դեպ, «Արդշինինվեստբանկի» հովանավորությամբ իրականացվել է նաև Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող Միքայել Նալբանդյանի հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը: